Այս անգամ Brabus ընկերության ուշադրության կենտրոնում անակնկալ կերպով հայտնվել է չափսերով ու հզոր տեխնիկական տվյալներով առանձնապես աչքի չընկնող, համեստ ու փոքրիկ Smart Fortwo մեքենան: «Խելացի» փոքրիկին (smart բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է խելացի) «աշխուժացնելու» համար Brabus ընկերությունը լուրջ ջանքեր է գործադրել, և ստացված արդյունքը ցուցադրվել է Ֆրանկֆուրտի ավտոսրահում` Brabus Ultimate R անվանումով: Կուպե ու կաբրիոլետ տարբերակներով առաջարկվող երկտեղանի Ultimate R-ն իր նախօրինակի համեմատ դարձել է փոքրինչ սպորտային: Փոքրիկի զուսպ արտաքինն էլ ավելի է ընդգծվել թափքի մոխրագույն երանգավորման ու սև եզրագծերի միջոցով: Դրանց համապատասխան մեքենայի համար ընտրվել են սև 18-դյույմանոց անվասկավառակներ, որոնց «հագցրել են» 205/35 և 235/30 չափսերի անվադողեր: Նոր սպորտային արտանետման համակարգն ու 30 մմ-ով իջեցված թափքը լրացնում են մեքենայի նորահայտ սպորտային խառնվածքը: Ultimate R-ի արտաքինում ավելացել են առաջնային սպոյլեր, փեշեր ու հետևի դիֆուզոր: Ինչ վերաբերում է տեխնիկական միջուկին, ապա 1 լիտր աշխատանքային ծավալով 3-գլանային OEM տուրբո շարժիչն այժմ զարգացնում է 112 ձիաուժ հզորություն` նախկին 70-ի փոխարեն, իսկ 100 կմ/ժ թափավազքն իրականացնում է 9,5 վայրկյանում` նախկին 12,8-ի փոխարեն: Շարժիչի ոլորող մոմենտը 150 Նմ է, իսկ արագության ամենաբարձր ցուցանիշը` 170 կմ/ժ: Մեքենայի փոխանցումատուփն ավտոմատ է: Ultimate R-ը սարքավորվել է նավիգացիոն համակարգով, աուդիոհամակարգով, ձեռք է բերել մրցարշավային ղեկանիվ ու սպորտային նստելատեղեր: Սրահի հարդարման համար օգտագործվել է ալքանտարա ու կարբոն: Ինչպես և շատ դեպքերում` մեքենայի արժեքի մասին պաշտոնական տվյալներն իրենց երկար են սպասեցնում: