Porsche Cayenne Turbo հանրահայտ մոդելն արդեն յոթ տարի է, ինչ արտադրվում է, և ունի թյունինգային հարուստ պատմություն: Այն նորացվել է ամենատարբեր թյուներների կողմից: Չնայած դրան` մոդելը դեռ շարունակում է հետաքրքրել թյունինգային ատելյեներին: Մեքենայի վերափոխման սեփական տարբերակն արդեն երկրորդ անգամ ներկայացնում է ENCO Exklusive թյունինգային ընկերությունը: Ատելյեի մասնագետները ջանք չեն խնայել, որպեսզի մեքենային հաղորդեն նոր` Gladiator թյունինգային անվանը համապատասխան դիմացկունություն, հզորություն և ուժ: ENCO Gladiator 700 GT Biturbo-ի համար ընտրված սևի ու մուգ կարմիրի համադրությամբ երանգավորումը նույնպես gladiator-ային է` հաշվի առնելով կարմիրի և սևի «ագրեսիվ» ու «ծանր» բնութագրերը: Արտաճանապարհայինի նոր տարբերակը բազային մոդելի համեմատ բավական «գիրացել» է: Դրան նպաստել են առջևի ու հետևի նոր բամպերները, տանիքի սպոյլերն ու կողային փեշերը, ինչպես նաև կարբոնե դիֆուզորը: Տեղադրվել են ցերեկային լուսարձակներ, նոր կապոտ, որի համար դարձյալ հումք է ծառայել կարբոնը: ENCO Gladiator 700 GT Biturbo-ի համար օգտագործվել են 23-դյույմանոց ENCO Jura կարմիր ու սև անվասկավառակները: Անվադողերի ընտրությունը կանգ է առել 315/25R23 չափսի Dunlop Sport Maxx GT տարբերակի վրա: Մեքենայի Gladiator հզոր կոչումն արդեն խոսում է շարժիչի կատարելագործման մասին: Մեծ չափերի նոր տուրբինների, սպորտային կատալիզատորների, սպորտային արտանետման համակարգի շնորհիվ 4,8 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչի հզորությունը նախկին 550-ի փոխարեն հասել է 700 ձիաուժի: Ոլորող մոմենտը 750-ից հասցվել է 850 Նմ-ի: Այս վերափոխումների արդյունքում 2,5 տ կշռող լիաքարշակ հսկայական մեքենան 100 կմ/ժ արագությանը հասնում է 4,5 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը սահմանափակվում է 290 կմ/ժ-ով: ENCO Gladiator 700 GT Biturbo-ի ներքին հարդարումը նույնպես սև ու կարմիր գույների շրջանակում է: Այդ գունավորմամբ են կարբոնե չորս սպորտային նստելատեղը, ինչպես նաև դռների եզրագծերը, նոր սպորտային ղեկը, փոխանցումատուփի լծակն ու սարքավորումների վահանակը: ENCO Gladiator 700 GT Biturbo-ի արժեքի մասին ENCO Exklusive-ում առայժմ լռում են: