Ավտոարտադրող ընկերությունների ապագայի ծրագրերում այսօր գերակշիռ բաժինը հատկացվում է մթնոլորտի աղտոտվածության խնդրին: Տուրք տալով բնապահպանությանը` Subaru-ն իր նոր մոդելը նախագծել է հիբրիդային մեքենայի տեսքով: Ընկերությունը համատեղել է իրեն համար տիպիկ դարձած օպոզիտային շարժիչն ու լիաքարշակ համակարգը էլեկտրական ուժային ագրեգատի հետ: Այդպիսով Subaru-ն նոր մոդելում ամբողջացրել է էկոլոգիապես անվնաս ու տնտեսող մեքենաների ստեղծման գործում իր բոլոր հաջողությունները: Նոր կոնցեպտային մեքենան անվանակոչվել է Subaru Hybrid Tourer Concept: Ճամփորդական մեքենայի (այդպես է թարգմանվում tourer բառն անգլերենից) օպոզիտային բենզինային շարժիչը 2 լիտր աշխատանքային ծավալով է` սարքավորված տուրբոներմղիչով ու վառելիքի անմիջական ներցայտման համակարգով: Մեքենայի էլեկտրական երկու շարժիչից մեկը տեղադրված է առջևում, մյուսը` հետևում: Subaru Hybrid Tourer Concept-ի աշխատանքն ընդհանուր առմամբ 3 շարժիչի համատեղ «ջանքերի» արդյունքն է: Այսպես, փոքր արագությունների դեպքում աշխատում է միայն հետևի էլեկտրաշարժիչը: Սովորական ռեժիմով երթևեկության դեպքում, որպես բենզինային շարժիչի օգնական, հանդես է գալիս առջևի էլեկտրաշարժիչը:
Grand Touring դասի այս մեքենայի սրահը, անգամ առանց անմիջական շփման, անվտանգ երթևեկության ու լիարժեք հարմարավետության տպավորություն է թողնում: Ընդարձակ ու ճերմակ ինտերիերը, իրարից անկախ չորս նստելատեղը, հարթ հատակը պարտադրում են հավատալ անվտանգ և հանգիստ, սահուն և հաճելի երթևեկությանը: Subaru Hybrid Tourer Concept-ի սրահում տեղ են գտել մի քանի հեղուկ-բյուրեղային էկրան: Դրանք սարքավորված են առջևի նստելատեղերի թիկունքային մասում, ինչպես նաև փոխարինում են սարքավորումների վահանակի ավանդական տարբերակին: Սրահում նորամուծություն է նաև դիմային ապակին, որը պատրաստման հատուկ եղանակի շնորհիվ նվազեցնում է վարորդի աչքերի լարվածությունը: Առանձին ուշադրության են արժանի թիթեռի թևեր հիշեցնող մեքենայի դռները: Յուրաքանչյուր կողմում կա մեկական դուռ, սակայն դրանք զբաղեցնում են նույն տարածությունը, որը նախատեսված է երկու դռան համար, ուստի հնարավորություն են տալիս շատ հեշտությամբ մուտք գործել սրահի և՛ առջևի, և՛ հետևի հատվածներ:
Բնութագրումից ակնհայտ է, որ Subaru Hybrid Tourer Concept-ը տիպիկ կոնցեպտուալ մեքենա է ու նշված համալրումները քիչ հավանական է, որ կարող են հայտնվել սերիական արտադրության տարբերակներում: