ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ
TNK
TNK
ՀՈւԼԻՍ, ՕԳՈՍՏՈՍ 2010
Նոր համարի անոնսը
Կոնցեպտ (ՆՈՅԵՄԲԵՐ 2009)

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՎԱՆԴՈւՅԹՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ...

Bugatti Galibier 16C Concept
Գիշատիչ գազան հիշեցնող, համարձակ ու ինքնավստահ «հայացքով» նոր Galibier 16C Concept սուպերսեդանը, շարունակելով Bugatti-ի ընտանեկան ավանդույթները, պահպանում է այդ ընտանիքին բնորոշ «ամենա-ամենա» տիտղոսը: Bugatti ապրանքանիշն առ այսօր պահպանում է իր հիմնադիր Էտորե Բուգատիի կարևորած սկզբունքներն ու արժեքները` նրբաճաշակ արտաքին, հզոր տեխնիկական բազա, բացառիկություն...
Տարիների ընթացքում ձևավորված այդ գովելի ավանդույթը չի խախտվում նաև մոդելների մերօրյա «սերնդափոխության» ժամանակ: Bugatti-ի վերջին գլուխգործոց Bugatti Galibier 16C ներկայացուցչական մոդելի կոնցեպտը իր դասում ամենաարագ, ամենաթեթև, ամենաէքսկլյուզիվ, ամենաէլեգանտ ու ամենաթանկարժեք սեդաններից մեկն է:
Պարզվեց նաև, որ այն բավական ինտրիգանտ է: Չնայած, որ Bugatti-ի նորեկին սպասում էր ամբողջ ավտոաշխարհը, ֆրանսիացի «փոքրիկի» գերմանացի կնքահայր Volkswagen ընկերությունը որոշեց, որ «հրաշամանուկի» ներկայացումը կլինի ոչ թե հեղինակավոր ավտոսրահում` Ֆրանկֆուրտում` ի տես բոլորի, այլ Բուգատի ընտանիքին պատկանող Molsheim-ի առանձնատանը` հատուկ ընկերության հաճախորդների համար կազմակերպված մասնավոր երեկույթի ժամանակ: Այդ խորամանկ ու մարտավարական քայլն էլ ավելի բորբոքեց մրցակիցների ու երկրպագուների հետաքրքրությունը: Դրա շնորհիվ էլ Bugatti Galibier 16C-ն, չնայած ֆրանկֆուրտյան ավտոսրահում ստացած բացակային, ուշադրության ու հետաքրքրասեր հայացքների պակաս չունեցավ:
Ավտոսիրահարները հետաքրքրությամբ ու ագահությամբ դեռ շարունակում են այդքան ժլատորեն տրամադրվող տեղեկատվությունից տվյալներ հավաքել մեքենայի տեխնիկական հնարավորությունների մասին: Բայց եղածն էլ բավարար է, որպեսզի բոլորը միակարծիք նշեն Bugatti Galibier-ի կատարելության փաստը: Այս մեքենայում ներդաշնակ ձևով համադրված են ժառանգական սպորտային խառնվածքը, լյուքս մեքենաներին հատուկ շքեղությունն ու հարմարավետությունը:
Bugatti Galibier-ի ագրեսիվ «հայացքը», կարծես, մարտահրավերի կոչ է բոլոր մրցակիցներին: Այն միևնույն ժամանակ չարախինդ է ու վստահ, որ ինքն անհաղթելի է: Բնականաբար մեքենայի այդ ինքնավստահությունն անհիմն չէ: Նրա երկկողմանի բացվող կապոտի տակ իր նախորդներից «ժառանգություն» ստացած 8 լիտր աշխատանքային ծավալով, մինչև 800 ձիաուժ հզորություն զարգացնելու հնարավորությամբ W16 շարժիչն է: Դա էլ այն դեպքում, երբ մեքենան բավական թեթև է կշռում (ոչ պաշտոնական տվյալներով մոտ 1900 կգ) այդքան մեծ շարժիչի համեմատ: Այդ հզորության ամբողջ «բեռը» հավասարապես բաժանվում է չորս անիվին` շնորհիվ լիաքարշակ համակարգի:
Սակայն, ի տարբերություն իր «դոնոր» Bugatti Veyron Grand Sport-ի, որի ուժային ագրեգատն օգտագործում է չորս տուրբոներմղիչ, ինչն էլ հնարավորություն է տալիս զարգացնել 1001 ձիաուժ հզորություն և մինչև 407 կմ/ժ արագություն, Galibier 16C-ն բավարարվում է միայն երկուսով` առավելագույն արագությունը հասցնելով 350 կմ/ժ-ի: Այդ հանգամանքի շնորհիվ Bugatti Galibier 16C-ն կարող է դառնալ ամենաարագընթաց 4-դռնանի սեդաններից մեկը, եթե իհարկե դուրս գա սերիական արտադրության: Այդ գերհզոր շարժիչը համագործում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Մեքենայի «իրանը» ձեռքի աշխատանք է, որ պատրաստված է գերժամանակակից նյութերից` կարբոնից ու ալյումինից: Առջևի թևերն ու դռները պատրաստված են ալյումինից, իսկ «իրանի» մյուս մասերի համար օգտագործվել է մուգ կապույտով ներկված կարբոն: Մեքենայի արգելակները ևս պատրաստված են ամուր կարբոն-կերամիկական նյութից:
Ինչպես ասացինք, նոր մոդելն ընտանեկան լավագույն ավանդույթների ու հատկանիշների արժանի ժառանգորդն է: Նրանում պահպանվել են Bugatti-ի ֆիրմային ռադիատորային քողարկիչը, ինչպես նաև իր «նախապապերի» կառուցվածքում հաճախ կիրառվող ողնաշար հիշեցնող ելուստը, որ լայնությամբ երկու հավասար մասի է բաժանում հետևի ապակին: Ի դեպ, մեքենայի անվան Galibier մասնիկը Tour de France հեծանվաարշավի ամենադժվար հաղթահարելի ալպյան լեռնանցքներից մեկի պատվին է:
Նոր սեդանի ինտերիերում իշխում է մինիմալիզմը: Սարքավորումների վահանակի էլեմենտներն ընտրված են ամենաանհրաժեշտի սկզբունքով: Կենտրոնում տեղադրված են հիմնական չափող սարքերը` տախոմետրն ու սպիդոմետրը: Վերջինի դիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն վարորդին, այլև ուղևորներին հետևել մեքենայի արագության ցուցանիշին: Շքեղ սրահը պատրաստված է կաշվից ու բարձրորակ փայտից: Սրահը զարդարում է նաև Parmigiani շվեյցարական լյուքս ժամացույցներ արտադրող առաջավոր ֆիրմայի` հատուկ Bugatti Galibier-ի համար պատրաստված Reverso Tourbillon-ը, որը նախատեսված է նաև ձեռքին կրելու համար: Նոր սեդանի համար որպես վառելանյութ օգտագործվելու է ոչ միայն բենզինը, այլ նաև բիոէթանոլը:
Դե էլ ինչ՞ է հարկավոր նման մեքենա ունենալու ցանկությամբ վարակվելու համար: Թերևս ոչինչ: Բայց սա այն դեպքն է, երբ ցանկությունն ու հնարավորությունները տարբեր սանդղակներին են: Նախ այս «հրաշամանուկը» դեռևս կոնցեպտային տարբերակով է ցուցադրված: Եթե անգամ նրա տերերը որոշում ընդունեն դուրս բերել մեքենան սերիական արտադրության, դա կլինի ոչ շուտ քան 2013 թ.` Bugatti Veyron-ի սերիական արտադրության ավարտից մեկ տարի հետո: Երկրորդ. այն արտադրվելու է սահմանափակ քանակությամբ (նախնական տվյալներով 150 օրինակ): Եվ իհարկե ամենակարևորը` Bugatti Galibier-ի արժեքը հավանաբար կկազմի 1 500 000 եվրո, որը գերազանցում է մինչ այսօր ամենաթանկարժեք սերիական արտադրությամբ սեդան համարվող Maybach 62S Landaulet -ի 900 000 եվրոն:
Bugatti Galibier-ի թերացումների մասին խոսել չենք կարող մի պարզ պատճառով` մեքենան դեռևս հասու չէ և ոչ մեկին: Դրա մասին տրվող ամբողջ տեղեկատվության մենաշնորհը նրա հեղինակներինն է, որոնք, իհարկե, սիրող ծնողի օրինակով բարձրաձայնում են միայն իրենց «փոքրիկի» արժանիքների մասին:
Ու մինչ Bugatti-ում ծանրութեթև են անում մեքենան սերիական արտադրության դուրս բերելու բոլոր դեմ և կողմ փաստարկները, ավտոսիրողները շարունակում են կռահումներ ու վերլուծություններ անել խորհրդավոր կերպով ավտոաշխարհ մուտք գործած Bugatti Galibier-ի մասին:
Վերադառնալ Տպելու տարբերակը
 
Valti Motors
05 Սեպտեմբերի 2010 թ

Ամսագրի PDF տարբերակը  PDF տարբերակը

Autoplus

Mosesco scarfix hormetmen
Car catalog Armenian Top Web Sites Statistics & Rating Valid CSS! Valid XHTML 1.0 Transitional
© 2007-2008 Բոլոր իրավունքները պաշտպանված են
Designed & developed by angystudio