Ford Focus RS500` այսպես է կոչվում նորույթը, որն ամենահզորն ու ամենայուրահատուկն է Focus-ի մինչ այս թողարկված տարբերակների շարքում: Մոդելի հեղինակների երևակայության դրսևորումը սկսվում է մեքենայի անփայլ սև գույնով և ավարտվում Focus RS-ի 500-րդ օրինակով: Դա նշանակում է, որ կատարելագործված Focus-ը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ` 500 նմուշ: Անփայլ սև գույնը վարակիչ ազդեցությամբ ստիպում է համակրել նորեկին: Կատարելագործված Focus-ի արտաքինը ստանդարտ RS մոդիֆիկացիայից տարբերվում է ագրեսիվ գծագրությամբ նոր առջևի բամպերով, փքված անվակամարներով, տանիքին տեղադրված սովորականից ավելի մեծ հակաթևով, հետևի խոշոր դիֆուզորով, սև 19-դյույմանոց բազմաճաղ անվահեցերով և այլ «մանր-մունր» արտաքին դետալներով: Դիզայներական երևակայությունից զերծ չի մնացել RS500-ի սրահը: Կենտրոնական բարձակն առանձնանում է էքսկլյուզիվ կարբոնե մշակմամբ, ինչպես նաև մետաղական ցուցանակով, որի վրա նշված է սահմանափակ քանակությամբ արտադրված մեքենայի անհատական համարը: Յուրահատկությամբ է աչքի ընկնում նաև սրահում ընդհանուր սև ֆոնի վրա օգտագործված կարմիր գունային գամման, մասնավորապես` կարմիր կարերը ղեկանիվի, դռների բռնակների, փոխանցման տուփի լծակի և գորգիկների վրա: Սպորտային Recaro նստելատեղերը ևս պատված են կարմիր կաշվով:
Այժմ ինժեներների ամենակարևոր շեշտադրման` RS500-ի հզորացված շարժիչի տվյալների մասին. ստանդարտ RS տարբերակի 2,5-լիտրանոց 5-գլանային շարժիչի հզորությունն ավելացել է 45 ձիաուժով (15 %) և հասել է 350-ի: Ձիաուժերին համապատասխան ավելացել է ոլորող մոմենտի ցուցանիշը` 460 Նմ: Այդպիսի մարզավիճակով նոր Focus-ն ընդունակ է զարգացնել 263 կմ/ժ առավելագույն արագություն, ինչը, համաձայնե՛ք, վատ ցուցանիշ չէ C դասի հետչբեքի համար: 0-100 կմ/ժ արագությանը RS500-ը հասնում է արդեն 5,6 վայրկյանում` RS-ի 5,9-ի փոխարեն:
Նոր Ford Focus RS500-ի սահմանափակ քանակությամբ թողարկումը նախատեսված է 2010 թ.-ի սեպտեմբերին: Արտադրողը ծրագրել է նոր ու բացառիկ Focus-ները բաշխել տարբեր շուկաների միջև: Սպորտային հետչբեքի 500 օրինակից 101-ը կիրացվի Անգլիայում, 56-ը` Ֆրանսիայում, 55-ը` Գերմանիայում և այլ խոշոր շուկաներում: Ընդ որում, ինքնատիպ Focus-ների տերերն արդեն հայտնի են ու անհամբերությամբ սպասում են իրենց բացառիկ փոխադրամիջոցին: