Թանկարժեք նյութերով ու բարձր ճաշակով հարդարված սրահում ամեն ինչ պարզ է
ու կոկիկ:
ԹԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՇՏԿՎԵԼ ԵՆ
Mercedes-Benz R-Class
Այս դեպքում խոսքը ոչ թե մի ամբողջ մակնիշի, այլ կոնկրետ մոդելի մասին է, իսկ ավելի հստակ` Mercedes-Benz R-Class-ի: Դժվար է պատկերացնել, որ գերմանական ավտոհսկան երբևէ կարող է դժգոհել իր մոդելների հանդեպ գնորդի անտարբերությունից: Բայց արի ու տես, որ այդպես էլ է լինում: R-Class-ի վաճառքի ցուցանիշները վերջին տարիներին ամենևին էլ չեն գոհացնում ավտոարտադրողին: Դրա պահանջարկն ընկել է ընկերության գրեթե բոլոր հիմնական շուկաներում: Կարելի է ենթադրել, որ պատճառն այդ սեգմենտի այլ մակնիշների մոդելների համեմատ R-Class-ի պակաս մրցունակ լինելն է: Սակայն ինչպես ցանկացած խնդիր, այս մեկը ևս ունի լուծման լավագույն տարբերակը. պարզապես անհրաժեշտ է թարմացնել ու վերաոճավորել մոդելը` այն համապատասխանեցնելով ժամանակի թելադրանքին ու գնորդի պահանջարկին:
R-Class մինիվեն-ունիվերսալն արտադրվում է 2005 թ.-ից: Մոդելի վերջին ոճային փոփոխությունները կատարվել էին 2007 թ.-ին, այնպես որ բոլոր առումներով եկել էր վերաոճավորման ճիշտ ժամանակը: Մասնագետներն այդպես էլ արել են: Նրանց նոր մոտեցումն R-Class-ին ապահովել է ակնհայտ փոփոխություններ նախորդ սերնդի համեմատ: Դրանք առավելապես վերաբերում են մեքենայի արտաքին տեսքին, իսկ ավելի շատ` առաջամասին: Հենց այստեղ է, որ մասնագետների աշխատանքին կարելի է տալ բարձր գնահատական: Նոր են ռադիատորային քողարկիչը, բամպերը, կապոտը, ժամանակակից դիզայնով լուսարձակները: Առաջամասը փոքր-ինչ բարձրացվել է, այն այլևս չի հիշեցնում «մռութը կախ գցած» Mercedes-յան ունիվերսալը: Հետևի հատվածում փոփոխությունները վերաբերում են ներկառուցված ռեֆլեկտորներով նորացված բամպերին, դրա տակ գտնվող դիֆուզորին, արտանետման խողովակներին, լուսարձակներին: Նոր, վայելուչ արտաքինը եզրափակում է թեթևաձույլ 17-ից մինչև 21-դյույմանոց անվասկավառակների տեսականին:
Ըստ ավանդույթի` նոր R-Class-ը կարտադրվի նաև երկարացված` 7-տեղանոց տարբերակով: Ստանդարտ մոդելի սրահում տեղավորվում են 4-6 ուղևոր: Մինիվեն-ունիվերսալի սրահի ձևափոխման բազմաթիվ հնարավորություններն ապահովում են մեծ բեռնատարողություն: R-Class-ի ստանդարտ տարբերակի բեռնախցիկի ծավալը 1950 լ է, իսկ անիվների երկարացված բազայով մոդելն ունի 2385 լ բեռնատարողություն: Ընկերությունն առաջարկում է նաև AMG սպորտային թյունինգային փաթեթով R-Class-ը, որում ներառված են Nappa կաշվով պատրաստված սպորտային նստելատեղերը, AMG-ի ղեկանիվը, չժանգոտվող մետաղից պատրաստված ոտնակները:
R դասի հանդեպ կիրառված նորարարությունների ընդհանուր արդյունքը հիմք է տալիս ենթադրելու, որ նոր R-Class-ն իսկապես հաջողակ կլինի և կդադարի լինել ընտանիքի թույլ օղակը` ազատելով Mercedes-Benz-ին այդ մոդելի վաճառքի հետ կապված խնդիրներից: