Նպատակը մեքենան սերիական արտադրության դուրս բերելուց առաջ մի լավ մշակելն ու կատարելագործելն էր: Փորձաշրջանից հետո Lexus LFA-ը ներկայացվեց Տոկիոյի ավտոսրահում: Մեքենան իր հատկանիշներով, կարծես, դուրս էր ավտոսրահի ընդհանուր համատեքստից: Երբ չորս բոլորը ցուցադրում էին հիբրիդային կամ ամբողջությամբ էլեկտրական շարժիչով ու ջրածնային վառելիքով աշխատող էկոլոգիապես մաքուր, տնտեսող ապագայի մեքենաներ, Lexus-ը ներկայացրեց այսօր արդեն սերիական արտադրության պատրաստվող ավանդական ներքին այրման շարժիչով սպորտային կուպե: Դա արդեն իսկ հետաքրքիր և ուշադրության արժանի փաստ է, հատկապես, որ մեքենան վաճառքի է հանվելու հաջորդ տարի և ընդամենը 500 օրինակով: Իրենց նորաստեղծ մեքենայի նկարագրությունը հեղինակները տալիս են ամենայն մանրամասնությամբ: Դե իսկ մենք կփորձենք պատասխանել այն բոլոր հիմնական հարցերին, որոնք սովորաբար առաջանում են նոր մեքենաների մասին լսելիս: Բնականաբար, առաջին հարցը վերաբերում է նոր մոդելի տեխնիկական բնութագրին: Այսպես, հետնաքարշակ Lexus LFA-ն աշխատում է 4,8 լիտր աշխատանքային ծավալով V10 շարժիչով, որն ունի 560 ձիաուժի և 480 Նմ ոլորող մոմենտի հնարավորություն: Այդ ցուցանիշները թույլատրում են 1 480 կգ կշռող մեքենային 100 կմ/ժ թափավազքն իրականացնել 3,7 վայրկյանում, իսկ սպիդոմետրը գրանցում է առավելագույնը 325 կմ/ժ արագություն: Մեքենայի հեղինակները հավատացնում են, որ 10-գլանային շարժիչն իր չափսերով չի գերազանցում V8 շարժիչին, իսկ կշռով` սովորական V6-ին: Այն տեղակայված է մեքենայի առաջնային մասում, մինչդեռ փոխանցման տուփը գտնվում է հետևում: Այդպիսի դասավորությամբ նախագծողները հասել են սռնիների նկատմամբ մեքենայի հավասարակշռման համարյա իդեալական 48:50 տեղաբաշխման ցուցանիշի: Lexus LFA-ի փոխանցումատուփը 6-աստիճան ավտոմատ է: Մեքենան ունի ընթացքի չորս ռեժիմ` Auto, Sport, Normal և Wet: Մոդելի 20-դյույմանոց ալյումինե անվասկավառակները համադրված են 265/35 չափսի առաջնային ու 305/30 չափսի հետևի Bridgestone անվադողերի հետ: Սրահը պատրաստված է որակյալ նյութերի և արդիական տեխնոլոգիաների հիմքի վրա: Ուշագրավ է, հատկապես, սարքավորումների վահանակը, որ պատրաստված է հեղուկ-բյուրեղային էկրանի տեսքով: Այն ունի գունափոխվելու հատկություն: Երբ շարժիչի պտույտների քանակը հասնում է րոպեում 9 000 պտույտի, սարքավորումները դառնում են կարմիր ու «առաջարկում» վարորդին անցնել փոխանցման ավելի բարձր աստիճանի: Ավտոմատ փոխանցումատուփի պարագայում վարորդին այդ հնարավորությունը տրվում է սեկվենտալ փոխանցումների շնորհիվ, ինչի արդյունքում վարորդը մեքենայի հանդեպ ձեռք է բերում լիարժեք ղեկավարում: Մեքենան համալրված է նաև Remote Touch ինովացիոն համակարգով:
Խոստումնալից ապագայով այս մեքենայի բոլոր օրինակները պատրաստվելու են ձեռքով, իսկ այն վայելելու հաճույքը կարժենա 375 000 ամերիկյան դոլար: