Նորեկը էկոլոգիապես մաքուր, տնտեսող, ժամանակակից ու առավելագույն հարմարավետություն խոստացող Mitsubishi PX-MiEV քրոսսովեր թափքով հիբրիդային կոնցեպտն է:
Mitsubishi PX-MiEV քրոսսովերում «հաշտ ու համերաշխ» աշխատում են երկու էլեկտրական ու մեկ ներքին այրման շարժիչները: Առաջին երկուսը համատեղ ապահովում են 80 ձիաուժ հզորություն ու 200 Նմ ոլորող մոմենտ: Ներքին այրման DOHC MIVEC բենզինային շարժիչը 1,6 լիտր աշխատանքային ծավալով ու 116 ձիաուժ հզորությամբ է: Այն կատարում է գեներատորի դեր` սնուցելով էլեկտրաշարժիչները: Սովորական երթևեկի ժամանակ աշխատում է միայն առջևի անիվները շարժման մեջ գցող էլեկտրաշարժիչը: Հետևի էլեկտրական ուժային ագրեգատը «գործընկերոջը» միանում է միայն էքստրեմալ պայմաններում, երբ պետք է լինում հետևի անիվներին հավելյալ ուժ հաղորդել, օրինակ` թաց ճանապարհին, կտրուկ մանևրումների ու արագացման ժամանակ: Իսկ թե երբ պետք է միանա հավելյալ քարշակը, որոշում են E-4WD լիաքարշակ համակարգն ու հետևի ակտիվ E-AYC (Electric-powered Active Yaw Control) դիֆերենցիալը: Բենզինային շարժիչին վերապահված բացառապես օգնականի դերը հնարավորություն է տալիս 100 կմ-ին ծախսել ընդամենը 2 լիտր բենզին: Մեքենայի լիթիում-իոնային մարտկոցները լիցքավորվում են 100 կամ 200 Վ հզորությամբ վարդակից: Ընդամենը 30 րոպեում կատարվում է մարտկոցների 80 % լիցքավորում:
Mitsubishi PX-MiEV-ի սրահը սարքավորումների վահանակի ու ղեկի հետ միասին հիշեցնում է փոքրիկ օդանավ: Ավանդական սարքավորումները փոխարինված են հեղուկ-բյուրեղային էկրաններով: Աուդիո և նավիգացիոն համակարգերը, ինչպես նաև կլիմատ-կոնտրոլը կառավարվում են ղեկի վրա տեղադրված կոճակներով: PX-MiEV-ը համալրված է բավական ժամանակակից համակարգերով, որոնցից է, օրինակ, անվտանգության Driving Safety Support System-ը (DSSS Level II): Այդպիսին ներկայում օգտագործվում է Ճապոնիայի ճանապարհային ոստիկանության մեքենաներում: Այն տեղեկություն է ստանում մեքենայից վտանգավոր հեռավորության վրա գտնվող օբյեկտների մասին ու նախազգուշացնում: Սրահում կա նաև տեսախցիկ, որը գտնվում է վարորդի առաջ և հետևում նրա աչքերին: Դրանցում հոգնածություն զգալու դեպքում հաղորդում է ձայնային ազդանշանի միջոցով:
Ցավոք, Mitsubishi PX-MiEV-ի սերիական արտադրությունը դեռևս մեծ հարցականի տակ է: