«Հաճելի երթևեկություն մեզ համար, էկոլոգիապես մաքուր` մթնոլորտի»
ՏՈԿԻՈ 2009
Տոկիոյի միջազգային ավտոցուցադրությունն անցկացվում է երկու տարին մեկ` սկսած 1954 թ.-ից: Ավտոսրահի կազմակերպիչը Ճապոնիայի ավտոարտադրողների ասոցացիան է (Japan Automobile Manufacturers Association, Inc.(JAMA)): Այս տարի ավտոսրահի պաշտոնական բացումը հոկտեմբերի 24-ին էր Makuhari Messe ցուցասրահում: Այն այցելուների համար բաց էր մինչև նոյեմբերի 4-ը: «Տոկիո 2009»-ի մասնակիցների թիվը նախորդի (2007թ.) համեմատ նվազել էր` 240-ից հասնելով 108-ի (այս թվերը ներառում են ոչ միայն տրանսպորտային միջոցներ ներկայացնող ընկերությունները, այլև անվադողեր արտադրող, մեքենաների ինտերիերի դիզայնով զբաղվող ու անգամ երեխաների համար խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունները): Անկում ապրած ցուցանիշի պատճառն արևմտյան ավտոարդյունաբերողների բացակայությունն էր: Նրանք Տոկիոյում ներկայացված էին միայն երեք ապրանքանիշով` բրիտանական Lotus-ով, գերմանական թյունինգային Alpina-ով ու ամերիկյան մոտոարտադրող Harley-Davidson-ով: Հայրենական ավտոսրահում ճապոնական ավտոարտադրությունը ներկայացնում էին Subaru, Honda, Mazda, Mitsubishi, Nissan, Daihatsu, Suzuki և Toyota ընկերությունները:
Եթե արևմտյան ավտոարդյունաբերողների բացակայությունն ավտոսրահից պատճառաբանվում էր դեռ արդիականությունը չկորցրած ճգնաժամով, ապա այդ նույն համաշխարհային աղետը ճապոնական մեքենաշինությանը, կարծես, բոլորովին չէր սպառնացել: Դրա վկայությունը 23 մեքենայի և 16 մոտոցիկլետի համաշխարհային առաջնելույթներն էին:
Մոդելների առյուծի բաժինը, ինչպես առաջաբանում նշեցինք, կազմում էին էկոլոգիապես անվնաս մեքենաները, որոնք սարքավորված են այլընտրանքային վառելիքով աշխատող շարժիչներով: Ավտոընկերությունները, անվերջ մրցելով միմյանց հետ, հետզհետե կատարելագործել ու զարգացրել են ապագայի մեքենայի կերպարը: Ամենուր հիբրիդային, էլեկտրական կամ էլ ջրածնային շարժիչով մոդելներ էին, որոնք, թվում է` մեկընդմիշտ ավտոարտադրությունից դուրս են մղել բենզինային վառելիքը: Այդպիսիք ներկայացվել էին ոչ միայն ֆուտուրիստական կոնցեպտային տարբերակներով, այլ նաև մոտ ապագայում արդեն սերիական արտադրության դուրս բերվող մոդելների տեսքով:
Ցուցադրված մոդելների շարքում առանձնանում էին նաև առավելապես Ճապոնիայի շուկայի համար նախատեսված խորանարդ հիշեցնող կոմպակտ մեքենաները, որոնք իրենց չափսերի համեմատ բավական տարողունակ են (հասկանալի է, որ 30 000 000-ից ավել բնակչությամբ Տոկիոյի համար տարածքի տնտեսումը, այս դեպքում մեքենաների փոքր չափսերի հաշվին, դարձել է գերխնդիր):
Անկախ ամեն ինչից, պետք է փաստել, որ ճապոնացիները կարողացան պահել իրենց ապրանքանիշերի պատիվը: Տոկիոյի ավտոսրահը աշխարհի խոշոր ապրանքանիշերի բացակայությամբ ու խիստ տեղական բնույթով էլ հետաքրքիր և ուշագրավ էր: Ավտոսրահում ցուցադրված անհատական ներկայացման արժանի մոդելները բազմաթիվ էին: Հենց դա էլ առաջարկում ենք Ձեզ մեր ամսագրի այս համարում: