«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՎՏՈԱՇԽԱՐՀ» ամսագիր
Հայկական առաջին մասնագիտացված ավտոմոբիլային ամսագիրն է, լույս է տեսնում 2003 թ.-ի մարտ ամսից, տպագրվում է 100 էջով:
Ամսագրի նպատակը
Արտասահմանյան, հիմնականում ռուսալեզու ավտոմոբիլային մամուլի բազմազանության մեջ հայերեն լեզվով ավտոմոբիլային ամսագրի առկայությունն ունի իր պահանջարկն ու կարևորությունը: Նախ ներկայիս և գալիք սերնդի ներկայացուցիչների համար, որոնք ունեն հայկական կրթություն, առավել հասկանալի և միաժամանակ ուսուցողական է հայերեն լեզվով մատուցված տեղեկատվությունը, մանավանդ որ ավտոմոբիլային տերմիները նրանք գիտեն ռուսերենից աղավաղված: Բացի այդ արտասահմանյան ավտոմոբիլային շուկան էականորեն տարբերվում է մեր շուկայից, հետևապես այդ պարբերականերում լուսաբանված տեղեկատվությունը կարող է մասամբ բավարարել հայ ընթերցողի պահանջները:
Այսպիսով «Հայաստանյան Ավտոաշխարհ» ամսագրի նպատակն է ամենատարբեր խորագրերի միջոցով ավտոմեքենաների և նրա հետ առնչություն ունեցող մի շարք թեմաների վերաբերյալ հնարավորինս լիարժեք տեղեկատվություն հաղորդել հայ ընթերցողներին` միաժամանակ նպաստելով ավտոմոբիլային հայերեն տերմինաբանության ամրապնդմանը:
Ամսագրի հիմնական խորագրերը
«Նորություններ» և «Ավտոսրահներ» խորագրերում լուսաբանվում են տեղական և համաշխարհային նորություններն ու տարվա ընթացքում կազմակերպվող միջազգային ավտոսրահները (Դեթրոյթի, Լոս-Անջելոսի, Ժնևի, Ֆրանկֆուրտի, Փարիզի, Տոկիոյի և այլն):
«Կոնցեպտ» խորագրում ներկայացվում են կոնցեպտային ավտոմեքենաներ (մեկ օրինակով պատրաստված և դեռևս սերիական արտադրության չանցած)` իրենց մանրամասն բնութագրով: «Բնութագիր» խորագրում ներկայացվում է հիմնականում մեր շուկայում առկա և տարածված մեքենաների մանրամասն բնութագիրը (արտաքին տեսք, սրահի հարդարանք, տեխնիկական պարամետրեր, դինամիկ հատկանիշներ, սարքավորումներ, գին և այլն):
«Փորձարկում» բաժնում ևս ներկայացվում են տեղական շուկայի մեքենաները (նաև շուկա նոր մուտք գործած), որոնք ամսագրի լրագրողական խմբի կողմից փորձարկվում են մեր ճանապարհներին և արժանանում գնահատականի:
«Թյունինգ» խորագրում ներկայացվում է համաշխարհային թյունինգային ատելիեների կողմից թյունինգի (բարեփոխման) ենթարկված որևէ ավտոմեքենայի մանրամասն բնութագիրը:
«Ավտոսպորտ» խորագիրը պարբերաբար լուսաբանում է «Ֆորմուլա 1»-ի մրցաշրջանը, նաև անդրադառնում մրցարշավների այլ տեսակների, դրանց պատմությանը (Փարիզ-Դակար, Ռալի, Քեմըլ Տրոֆի և այլն):
«Ավտոսրահներ» խորագիրը ներկայացնում է հայաստանյան ավտոսրահների կողմից առաջարկվող նոր ավտոմեքենաները (նշվում են մեքենայի տեխնիկական տվյալները, կոմպլեկտավորումը գինը, ընկերության հասցեն, հեռախոսահամարը և այլն):
«Ավտովաճառք» բաժնում տեղ են գտնում օգտագործված մեքենաների վաճառքի հայտարարություններ:
«Տեխսպասարկում», «Պահեստամասեր», «Շինմոնտաժ» բաժինները ծառայում են որպես տեղեկատու վարորդների համար, որտեղից կարելի է ինֆորմացիա քաղել Հայաստանի պահեստամասերի խանութների առաջարկած տեսականու, տեխսպասարկան կետերի և նրանց կողմից առաջարկվող ծառայությունների մասին:
Ամսագիրն ունի նաև «Էքսկլյուզիվ», «Դասական ավտոմեքենա», «Անվտանգություն», «Ճակատագրեր», «Հարցազրույց», «Բացահայտում» (Դիզայներների մրցույթ), «Մակնիշների պատմություն», «Ժամանց» և այլ խորագրեր:
|